ՀՄԱՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ. ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉ

Р у с

     Ժողովրդական իմաստուն ասացվածք կա. «Որքան սարից հեռանում ես, այնքան ավելի ես զգում նրա մեծությունը»:  Այսօր, երբ տարիների հեռվից փորձում ես վերստին արժևորել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, անկրկնելի մանկավարժի ու հրաշալի մարդու`  պրոֆեսոր Հմայակ Ավետիսյանի թողած ստեղծագործական ժառանգությունը, ուղղակի ապշում ես կատարած աշխատանքի ծավալից և ուզում ես խոնարհվել այդ տաղանդավոր արվեստագետի, արժանավոր հայ մարդու  պատկառելի վաստակի առաջ, մանավանդ, երբ թերթում ես մանկության և պատանեկության տարիների նրա ապրած կյանքի դժվարին էջերը:
     Ինձ բախտ է վիճակվել ճանաչել նկարչին, ավելին, իմ արխիվում սիրով պահում եմ 1973 թվականին հրատարակված նրա անհատական ցուցահանդեսի կատալոգը, որտեղ ինքնանկարի վրա նկարչի ձեռքով արված ընծայագիրն է` «Իմ սիրելի Սյուզիկին»:
      Որքան ջերմ ու լուսավոր հուշեր են արթնացնում այդ երկու բառերը:
      Պարզ, անմիջական մարդ էր Հմայակ Ավետիսյանը: Նրան հիշում եմ միշտ ձեռքերը մեջքին դրած, հանդարտ ու հուշիկ քայլերով Երևանի փողոցներում շրջելիս, կամ իր տուն-արվեստանոցում (Սայաթ-Նովա 5), ուր հաճախ էի լինում մտերիմ ընկերուհուս,  նրա դստեր Արմենուհու հրավերով: Միջահասակ էր Հմայակը, գեղեցկադեմ, կապուտաչյա: Քչախոս էր (գուցե ապրած դառն ու դաժան կյանքն էր նրան այդպիսին դարձրել), բայց երբ խոսք էր ասում`  ասում էր  դիպուկ, իմաստուն և հումորով:  Բարի էր, միշտ պատրաստ  սատարելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նրա տան դռները միշտ բաց էին եկող-գնացողի առաջ, իսկ սեղանը լի էր: Ու գալիս էին ընկերները, բարեկամները, նրա արվեստի երկրպագուները, ուսանողները…
      Հ. Ավետիսյանը ծնվել է 1912 թվականին[1]:  Ընդամենը երեք տարեկան էր Հմայակը, երբ նրա ընտանիքը  ստիպված էր թողնել հայրենի եզերքն ու բռնել գաղթի փշոտ ճանապարհը:  Մի առիթով նկարիչն ասել է. «Մի հարցրեք աշխարհընկալման իմ առաջին տպավորության մասին: Դա Վանի Արճակի գավառի իմ ծննդավայր Մանդան գյուղում էր, 1915 թվականին, երբ արևմտյան բլրի ետևում մարմրում էր արևը, և երկնակամարի թեքության վրա վառվեց պղտոր մի հրացոլք, որի ֆոնին` ոռնացող ստվերներ, սրերի փայլ…          Ես փրկվեցի հրաշքով»: Այո, ողջ գերդաստանից փրկվեց միայն նա: Հետո, շատ տարիներ հետո են դուստրերն իմացել, որ գաղթի թոհուբոհի մեջ անհետ կորել են նաև իրենց  երկու հորեղբայրները: Հմայակն այդ մասին երբեք չէր խոսել:
     Սովորաբար մարդիկ մի ներքին պահանջ ունեն պատմելու, երբեմն անվերջ խոսելու իրենց ցավերի, վրա հասած փորձությունների մասին, բայց եղեռն վերապրած սերունդը չի պատկանում այդ մարդկանց թվին: Կաշկանդված վշտով՝ նրանք լռել են: Երբ լսում կամ կարդում ես եղեռնից փրկվածների (Շարլ Ազնավուրի ծնողները Ֆրանսիայում,  Մհեր և Ալբերտ Մկրտչյանների հայրն ու մայրը Գյումրիում,  թե Փիթեր Բալաքյանի տատը Ամերիկայում և այլն) ժառանգների վկայությունները, ևս մեկ անգամ համոզվում ես, որ ամենուրեք բոլորն էլ  ընտանիքում լուռ, սակայն հոգու խորքում անմեկնելի կսկիծով են կրել իրենց բաժին ընկած ողբերգությունը: 20-րդ դարի ռուս պոետ և արձակագիր Վառլամ Շալամովը, որը  ենթարկվել էր ստալինյան բռնությունների, այսպես  է բացատրել այդ հոգեվիճակը. «Կան տպավորություններ, որոնք մնում են մանկությունից մինչև կյանքի վերջը:            Որքան շատ է մարդը կյանքում տառապում, այնքան ավելի դժվար է լինում խախտել լռությունը: Լռում են, քանի որ ուժ չեն ունենում պատմել իրենց հետ պատահածի մասին, լռում են, որովհետև ամաչում են, ամոթ է լինել ստորացված, մարդկային դեմքը կորցրած»:
     Իր կյանքի դառնությունների, հայրենի եզերքի ու իրեն այնքան թանկ ու հարազատ մարդկանց անվերադարձ կորուստների մասին Ավետիսյանը ևս խոսել չէր սիրում: Չէր պատմում նաև որբանոցներում անցկացրած մանկության մասին: Արվեստաբան Եղիշե Հովհաննիսյանի հոդվածից ենք իմանում, որ 1920 թվականի ամռանը Երևանից Լենինականի պոլիգոնի որբանոց տեղափոխված որբերի 500-հոգանոց խմբից ողջ են մնացել միայն երեքը: Ականատեսները պատմում են, որ ամեն առավոտ որբանոցից սայլերով դուրս են բերել մահացած երեխաների դիակներ` եղբայրական գերեզմանում թաղելու համար:
     Հմայակը, ընդհակառակը, սիրում էր կատակել, զավեշտալի պատմություններ պատմել, նույնիսկ հորինել` շրջապատին ուրախ տրամադրություն հաղորդելու միտումով: Նրան ճանաչողներն ու մտերիմները մինչև օրս հաճույքով վերապատմում են Համոյի հորինած ծիծաղաշարժ պատմությունները: Բայց այն, թե ինչ էր կատարվում նրա հոգում, մեզ պատմում են նրա  ստեղծագործությունները: Որքան էլ փորձեց նկարիչը ճնշել վաղ տարիքում կրած հոգեկան ցնցումը, տանջալից տպավորությունները, կորսված մանկության  կարոտամաշ հույզերը, միևնույն է, ազատվել  դրանցից  այդպես էլ չկարողացավ մինչև իր կյանքի վերջը:
      Հմայակ Ավետիսյանը մահացավ 1978-ին: Մեծ էր սիրված արվեստագետին անժամանակ կորցնելու ցավը: Այդ առիթով  ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Զարյանը գրել է. «…Ողբում եմ նրա կորուստը…  Մի իսկական հայ ևս պակասեց մեր մտավորական շրջանակներից, մի մարդ, որի կրծքի տակ մխացող մի վիշտ կար, որ իրենն էր ու միայն իրենը չէր, բոլորինս էր»:
     Եղեռն, սով, համաճարակ, պատերազմ, նյութական և հոգեկան ծանր վիճակ, մոխիրներից հառնող հայրենիք: Նկարիչն իր կտավներում անդադար անդրադառնում էր իրեն հուզող  թեմաներին, պատմում և’ իր, և’ բախտակից մարդկանց պատմությունը, ներկայացնում այդ ժամանակաշրջանում ապրած ողջ ժողովրդի հոգու ցավը:
          Այն, ինչ խոսքով չի ասվել, մենք տեսնում ենք նրա ինքնանկարներում, գրող Խ. Դաշտենցի, մուսալեռցի տատի դիմանկարներում, «Խավարես, լուսին», «Նկարչի ծննդավայրը՝ Վանի նահանգի Մանդան գյուղը», «Տեղեր»  և այլ բնանկարներում, «Ազատարարները», «Անցյալի առօրյայից» կոմպոզիցիոն գործերում: 1915-ի հրացոլքը հուրհրում է «Երախտապարտ ենք» և նույնիսկ «Նախօրեին» (Վ. Ի. Լենին) կտավներում: Եվ այս ամենը նկարիչն ստեղծել է այն տարիներին, երբ ցեղասպանության մասին խոսելն անգամ արգելված էր, նույնիսկ վտանգավոր: Նկարչի դուստրը` Անահիտը պատմում էր, որ հայրը,  Հայաստանում չգտնելով «Երախտապարտ ենք» կտավում պատկերված Սողոմոն Թեհլերյանի և Արամ Երկանյանի լուսանկարները (իսկ այդ թվերին նրանց անունները շատերը նույնիսկ չէին էլ լսել), մեծ դժվարությամբ արտասահմանից է  բերել  տվել արգելված նյութերը:
     Հավատքի և Աստծո մասին էլ նկարիչը երբեք չի խոսել, սակայն  շարունակ պատկերել է մեր հնագույն եկեղեցիները: Այդ շարքը սկիզբ էր առել 1928 թվին, 16-ամյա Հմայակի «Վաղարշապատ» գծանկարով  և ավարտվել 1974-1975թթ գեղարվեստական բացառիկ վարպետությամբ կատարված «Մարինե. Աշտարակ»,  «Մուղնի», «Հառիճ. Գիշեր»,  «Տեղեր. Աստվածածնի եկեղեցին», ստեղծագործություններով: Ավետիսյանի  եկեղեցին  մեր ժողովրդի հոգևոր նեցուկն է, որը ժողովրդի  հետ դիմակայելով դարավոր արհավիրքներին, պահպանեց  մեր ազգը գոյատևման պայքարում, մնաց կանգուն, հաղթանակած:
    Որպես ազգային ինքնության, կորցրած հայրենիքի խորհրդանիշ եկեղեցիներ ու մատուռներ մենք տեսնում ենք նաև նրա կոմպոզիցիոն գործերում և բնանկարներում:
     Հմայակ Ավետիսյանը բազմիցս անդրադարձել է Վ.Ի.Լենինի կերպարին: Նախ նշենք, որ հեղափոխության առաջնորդները  այդ ժամանակաշրջանի  խորհրդային կերպարվեստի ամենագլխավոր, ամենապահանջված հերոսներն էին: Երբ թերթում ես այդ տարիների ցուցահանդեսների կատալոգները, ուղղակի ապշում ես, թե  քանի ու քանի հայ նկարիչներ են պատկերել առաջնորդներին. Ա.Սարգսյան, Դ.Նալբանդյան, Հ.Կոջոյան,   Մ.Աբեղյան, Մ.Ասլամազյան, Է. Իսաբեկյան, Ե.Սավայան, Հ. Ռուխկյան, Հ.Բեջանյան,  և այլն, և այլն: Հայ կերպարվեստի անվանի վարպետները Լենինին ներկայացնում էին ոչ միայն որպես հեղափոխության առաջնորդ, պետական և քաղաքական գործիչ,  այլև բարի ու ազնիվ մարդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ:
           Հ.Ավետիսյանի Լենինի կերպարը տարիներ ձգվող որոնումների ընթացքում ստացավ մի այլ լուծում: Նրա հենց առաջին գործը՝ 1947 թվականի մատիտանկարը, աչքի ընկավ ուրույն, ոչ ընդունված և ավանդական, մոտեցումով: Ապա նկարից-նկար Ավետիսյանի «լենինապատումը» ի հայտ էր բերում նորանոր մեկնաբանություններ: 1958 թվականին, այդ տարիների հանրահայտ  արվեստաբան Եղիշե Մարտիկյանն ամենախիստ կերպով քննադատում է  Ավետիսյանին, որն իր նկարում «ընդգծելով Լենինի յուրօրինակ միմիկան աչքի կկոցած արտահայտությամբ, չկարողանալով (՞՞՞ – հեղ) պահպանել դեմքի անատոմիական կառուցվածքի ճշմարտությունը, աղավաղել է Լենինի դեմքի անսահման գրավիչ, համակրելի, պայծառ, ջերմ արտահայտությունը»[2]:  Ի դեպ, խոսքը Մոսկվայի կողմից պատվիրված և առանց որևէ առարկության ձեռք բերված աշխատանքի մասին է: 1963 թվականին ստեղծված «Վ. Ի. Լենին» կտավը կենտկոմի հանձնաժողովն առհասարակ մերժեց ընդունել`  ահաբեկված առաջնորդի դեմքի սարսափազդու արտահայտությունից  և ողջ կտավի չարագույժ շնչից: Սակայն, 1970 թվականին, երբ Լենինի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով Ուլյանովսկում նշվում էր հայկական արվեստի տասնօրյակը և պետք էր ըստ արժանվույն ներկայացնել հանրապետությունը, նրանք վերադառնում են նկարչի արվեստանոց, գնում նկարը և վերանվանում այն «Նախօրեին»`  համարելով, որ նման մեկնաբանությունը կարող էր համապատասխանել Լենինի կերպարին միայն նախահեղափոխական շրջանում:
     Հետագա տարիներին Հ. Ավետիսյանի մեծադիր կտավներում  Լենինի կողքին տեսնում ենք հայ նշանավոր քաղաքական գործիչներ Ալ. Մյասնիկյանին, Բ. Կնունյանցին: Այստեղ ևս նկարիչը շատ խորը և բազմանշանակ ցույց  է տվել նրանց միջև եղած փոխհարաբերությունները:
      Առանձնահատուկ տեղ են գրավում նաև   հասարակ մարդկանց` բանվորների, հողի աշխատավորների դիմանկարները: Պարտադրված սոցռեալիզմի դարաշրջանում նկարիչը կերտել է այնպիսի կերպարներ, որոնք բացահայտ արտահայտում են հիասթափություն և մեղադրանք`  տիրող իրավիճակի նկատմամբ («Լենինականի դեպոյի փականագործ Ռ. Հակոբյան», «Վեդիեցի Մանուկ քեռին»): Նրանք կտավի վրա նկարչի միջոցով ասես պատմում են իրենց ապրած  դժվար կյանքի պատմությունը: Բարդ չէ կռահել, թե որ հարցերի պատասխանը չէր գտնում բանվոր Մ.Գյուլնազարյանը և ինչու չես կարող ազատվել անելանելիության, հուսահատության զգացումից՝ հոգնատանջ «Կոլտնտեսուհուն» (1960) նայելիս: Սևեռելով իր ուշադրությունը պատկերվողների  արևից խանձված դեմքերին ու հանգստին անսովոր ձեռքերին՝ նկարիչը բացահայտել  է աշխատավոր մարդկանց պարզ էությունը, նրանց անսեթևեթ բնավորությունը:
     Շուրջ հիսուն տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում Հ.Ավետիսյանը հեղինակել է հարյուրավոր կտավներ: Ասելիքով, գույնով հագեցած նրա գեղանկարները, արտահայտիչ գրաֆիկական թերթերը մեկ միասնական շղթայի օղակներ են, որոնցում արտահայտված են նկարչի տաղանդի նիստերը, խառնվածքի բնորոշ գծերը: Ավետիսյանը հաջողությամբ   ստեղծագործել է տարբեր ժանրերում, վարպետորեն աշխատել ամենատարբեր տեխնիկաներով` յուղաներկ, ջրաներկ, ածուխ, սանգին, սեպիա, մատիտ, տուշ, վիմագրություն, ֆլոմաստեր, կավճաներկեր:
      Այստեղ տեղին է մեջբերել արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Այվազյանի դիպուկ բնութագիրը, գրված Հ. Ավետիսյանի ետմահու ցուցահանդեսի կապակցությամբ 1985 թվականին, որը, ինչպես հեղինակն է նշում նույնիսկ էսքիզ չէ, այլ հիանալի վարպետի դիմանկարի թռուցիկ ճեպանկար. «Ցանկացած նկարչի համար անհատական ցուցահանդեսը ծանր և պատասխանատու փորձություն է: Շատ հաճախ ընդհանուր ցուցահանդեսներում մենք գնահատում ենք նկարչին իր առանձին աշխատանքներով, այդ իսկ պատճառով  չենք ունենում ճիշտ, ամբողջական պատկերացում նրա ստեղծագործության մասին: Բայց ահա գործերը ի մի են հավաքված, և այդ ժամանակ մենք մի այլ պատկեր ենք տեսնում՝ ոճի միօրինակություն, կոլորիտի աղքատություն, անվերջ կրկնողություն: Միայն անհատական ցուցահանդեսում կարելի անսխալ  գնահատել նկարչի ստեղծագործությունը:
      Բարեբախտաբար արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հմայակ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը հազվադեպ բացառություն է: Նա ստեղծագործական մեծ դիապազոնի նկարիչ է, նուրբ և հարուստ կոլորիստ, փայլուն գծանկարիչ: Նրա կտավները լի են էքսպրեսիայով, հագեցած են մեծ դրամատիզմով և խորությամբ: Այդ ամենին նկարիչը հասնում է արվեստի միջոցներով` գույնով, գծով, բծով: Հ.Ավետիսյանը, գեղանկարում և գրաֆիկայում, մեզ ցույց տվեց իր ոչ մեկին չնմանվող Հայաստանը` տառապած, խիստ, չքնաղ…  Հմայակ Ավետիսյանի աշխատանքները պետք է դիտել երկար և լարված, և միայն այդ ժամանակ  երևան կգան  նրա արվեստի նրբերանգները, նրբությունները: Անշուշտ, նկարչի գեղանկարը և գրաֆիկան  սպասում են իր հետազոտողին:
      Կուզենայի մի քանի խոսք ասել նրա գրաֆիկայի մասին: Դժվար է հայկական արվեստում գտնել նկարչի, որն այդքան քանդակային, ծավալուն ծեփի ֆորման: Եթե Հմայակը զբաղվեր քանդակով, մենք կունենայինք առաջնակարգ, յուրօրինակ մի քանդակագործ: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հատուկ նշել Հմայակ Ավետիսյանի գիծը: Այն միշտ անթերի պլաստիկ է, ճշգրտորեն արտահայտում է ֆորման, կրում մեծ բովանդակային բեռնվածություն, հարուստ է իր բազմատեսակ զուգակցմամբ»[3]:
     Այս խոսքերի ճշմարտությունը հաստատում են նկարչի մեծաթիվ գրաֆիկական աշխատանքները, որտեղ աչքի է զարնում Ավետիսյան-գծանկարչի բացառիկ վարպետությունը: Նրա գծանկարների հարուստ ժառանգության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում դիմանկարների հսկայական պատկերասրահը: Այստեղ են հայ մշակույթի նշանավոր գործիչները, մտավորականներ,  աշխատավոր, պարզ ու հասարակ մարդիկ, երեխաներ, նկարչի ընկերները,  մտերիմներն ու հարազատները:
     Ներկայացված պատկերաշարը ընդգրկում է նկարչի  ժամանակակիցներին, արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներին՝ նկարիչներին, քանդակագործներին, գրաֆիկներին, խեցեգործներին: Հ.Ավետիսյանի բազմաթիվ գծանկար-դիմանկարների շարքում շատ են նաև նրա ուսանող-ուսանողուհիների դիմանկարները, որոնք կատարված են յուրաքանչյուրին բնորոշ ներքին հմայքով և առանձնահատուկ ջերմությամբ:
     Ամբողջ կյանքի ընթացքում Հմայակ Ավետիսյանը չմոռացավ Հայրենական Մեծ պատերազմում զոհված իր ամենամտերիմ, դեռևս որբանոցում ապրած տարիներին հարազատ դարձած նկարիչ-ընկերներին՝ Կորյուն Սիմոնյանին, Սարգիս Ալեքսանյանին, Վանիկ Կարապետյանին, Լևոն Տոնականյանին և Անդրանիկ Մարկոսյանին: Սիրո և ցավի զգացումով են ստեղծվել ընկերներին ձոնած «Չվերադարձան» գեղանկարչական խմբակային դիմանկարը և այստեղ ընդգրկված գծանկար աշխատանքները:
     Հ. Ավետիսյանի դիմանկարներում միշտ զգացվում է նկարչի անմիջական կապը այն մարդկանց հետ, ում նկարում է: Ամեն մի կերպար Ավետիսյանը  կերտել է  իրեն հատուկ խորաթափանցությամբ, պատկերվողի առավել բնորոշ գծերի ընդգծմամբ և անհատականության շեշտադրումներով: Յուրաքանչյուր անհատ պատկերված է այնքան անմիջական ու արտահայտիչ, այնպիսի սպառիչ հոգեբանական ճշգրտությամբ, որ նույնիսկ անհայտ որևէ մեկի դիմանկարը  դիտելիս, ընկալում ես նրան որպես ծանոթի, որին ճանաչում ես մոտիկից: Նկարչի աչքը դիպուկ է, սիրտը զգայուն, գիծը` պլաստիկ, թեթև, սահուն ու լակոնիկ:
     Ավետիսյանի արխիվում այսօր էլ պահվում են բազմաթիվ գծանկար թերթեր, նոթատետրերի, ալբոմների մեջ արված հարյուրավոր ճեպանկարներ, որոնք նրա մահից հետո խնամքով պահպանում են դուստրերը: Դրանք առանձնանում են կատարման վարպետությամբ, տեխնիկայի բազմազանությամբ և հարուստ բովանդակությամբ: Այդ գործերի գեղարվեստական և վավերագրական արժեքն ուղղակի անհնար է գնահատել:
     Չափազանց մեծ  ու նշանակալի է Հ. Ավետիսյանի դերը հայ կերպարվեստում նաև որպես մանկավարժ:
     Հմայակ Ավետիսյանը շուրջ կես դար զբաղվել է մանկավարժությամբ: Շնորհիվ  մանկավարժի իր բացառիկ տաղանդի նա կրթել ու դաստիրակել է փայլուն արվեստագետների մի քանի սերունդ: Նրան գնահատում, սիրում ու հարգում էին թե նկարիչները, թե ընկերներն ու բարեկամները և որ ամենակարևորն է՝ ուսանողները: Այդ են վկայում տարիների ընթացքում ստացած և խնամքով պահպանված ալբոմների, բուկլետների, կատալոգների, գրքերի ջերմ ընծայագրերը: Նրա ուսանողներից շատերը հետագայում դարձան ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ և ՀԽՍՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչներ. Ղուկաս Չուբարյան,  Մկրտիչ Սեդրակյան,  Անատոլի Պապյան, Արա Հարությունյան, Հովհաննես Շարամբեյան, Զաքար Խաչատրյան, Ստեփան Անդրանիկյան, Խաչատուր Իսկանդարյան, Սուրեն Նազարյան,  Վաղինակ Ասլանյան, Ռուբեն Ադալյան, Կառլեն Ռուխկյան, Գրիգոր Բադալյան… Անհնար է թվարկել բոլորին:
    Հոգատար, սրտացավ ու անհանգիստ դասախոսը ջանք ու եռանդ չի խնայել տարբեր բնավորությունների և ունակությունների տեր ուսանողներին մասնագիտական  նրբություններին հաղորդակից դարձնելու, նրանց կարողությունները բացահայտելու,  զարգացնելու, ինչպես նաև արարելու, ստեղծելու լույսը նրանց հոգում անմար պահելու համար:
      Նկարչի պատկերավոր խոսքը, երբեմն անձնական կյանքից բերած ուսանելի օրինակները, իմաստուն խրատներն ու խորհուրդները հաճույքով հիշում ու պատմում են նրա ընկերները, նախկին ուսանողները: Վերջիններս միաբերան հաստատում են, որ ընկեր Ավետիսյանը գծանկարի ամենալավ մասնագետն է եղել ինստիտուտում և որ իրենք շատ բան են սովորել իրենց ուսուցչից: Նա մանրամասն բացատրել  է գծանկարի իմաստն ու էությունը. «Սովորել գծանկար, – ասել է Հ. Ավետիսյանը, – նշանակում է խորհել կյանքի, իրականության իմացության, նրա կապակցությունների և հակադրությունների մասին, հոգեբանական վիճակների, պլաստիկական արտահայտությունների, գեղեցիկի ըմբռնման մասին»: Նա սովորեցրել է դիտել առարկան  ոչ միայն որպես արտաքին գծային արտահայտություն, լույսի և ստվերի հարաբերություն, այլ  ելակետ ընդունել նրա ներքին բովանդակությունը, բացահայտել առարկայի կոնստրուկտիվ կառուցվածքը,  պատկերացում կազմել ձևի, զանգվածային հարաբերությունների օբյեկտիվ գոյության մասին անկախ լույսից ու ստվերից, տեսնել հարթությունների,  զանգվածների, ծավալների հակադրությունների ամբողջականությունը  և այդ ճանապարհով գալ հանգել  գծի լակոնիկ բովանդակությանը, անկախ նրանից, թե ինչ նյութ է օգտագործվում»:  Եվ այդ ամենը միայն դասաժամերով չի ավարտվել, շարունակվել է նաև նկարչի արվեստանոցում:
     Պատմում են նաև, որ պահանջկոտ  դասախոս էր, խիստ, սակայն միայն ուսանողին առավելագույնը տալու առումով և որ նրա դասավանդած առարկան իրենց համար եղել է ամենահետաքրքիրը ինստիտուտում: Ավետիսյանին բավական էր մեկ-երկու շաբաթ, որ ծանոթանար  ուսանողի ընդունակություններին, ընդհանուր գիտելիքներին, ձիրքին ու հակումներին, ընկալման պատրաստակամությանը, պարզել, թե ինչ միջավայրից  է նա եկել: Քննադատաբար վերաբերվելով  Սովետական Միությունում ընդունված դասավանդման մեկ միասնական ծրագրին, համարելով այն ձգձգված ու անհեթեթ՝ նա մատնանշում էր,  որ ուսանողը տեխնիկումից սկսած մինչև ինստիտուտն ավարտելը, տասը տարի ստիպված է լինում լուծել նույն խնդիրները, ինչը նրա մեջ բթացնում, մեռցնում  է  նկարչին, վերածում պասիվ ընդօրինակողի:  Ավետիսյանը, փայփայելով  ուսանողի անհատականությունը, ամեն կերպ ջանում էր նրան դարձնել  մտածող, ստեղծագործող արվեստագետ:
     – Կերպարվեստի  արտահայտչամիջոցներից դժվարագույնը գծանկարն է,- ասել է ուսուցիչը,-  այն մարդկային մտքի, հույզերի և զգացումների արտահայտման ամենասուր և լակոնիկ ձևերից մեկն է: Նկարիչը պետք է կարողանա նկատել գեղեցիկը, իսկ գեղեցիկը արտահայտելու համար պետք է լինել անկեղծ ու ազնիվ:
      Հ. Ավետիսյանն իր սաների համար ոչ միայն ուսուցիչ էր, այլև ընկեր, խորհրդատու, դաստիարակ,  աշխատում էր ամեն կերպ աջակցել  նրանց հոգևոր զարգացմանը, մտահորիզոնի ընդլայնմանը: «Սովորելու նպատակը միայն գծելն ու նկարելը չէ, – ասել է նա, – ուսանողը պետք է հասկանա, թե ո՞ւմ համար և ինչի՞  համար են ծառայելու ձեռք բերած ունակությունները, իմանա, թե ինչով է ապրում ու շնչում իր ժողովուրդը և, վերջապես, գիտակցի, թե ով է նա»:
       Ավետիսյանը հաճախ է օգնել իր սաներին դժվարությունների հանդիպելիս: Գիտենալով յուրաքանչյուրի հնարավորությունները, նրան դժվար չէր որոշել, թե ով որ ասպարեզում կդրսևորի իրեն լավագույն կերպով: Երբեմն ուսանողի ձեռքը բռնած տարել է ոլորտի անվանի մասնագետների մոտ`  այդ կերպ կանխորոշել նրա հետագա  ճակատագիրը, օգնել ուսանողին իր տեղը կյանքում ու արվեստում գտնելու հարցում:  Անվանի քանդակագործ Երվանդ Քոչարը նկարչին նվիրելով իր կատալոգը գրել է. «Հմայակ Ավետիսյանին` լավագույն վարպետին և արվեստի իմաստուն ստեղծագործողին, որ սերունդներ է դաստիարակել և դրել ճշմարիտ  արվեստի ուղու վրա…»: Բացի մասնագիտական հմտություններից, Ավետիսյանը սաներին  սովորեցրել է աշխատել  ջանասիրությամբ, անմնացորդ նվիրվել նկարչությանը, սիրել հայրենիքը, հպարտորեն կրել հայ  լինելու բարձր պատիվը, երազել,  կամք ու համառություն դրսևորել երազանքներն իրականություն դարձնելու համար:
      Հմայակ Ավետիսյան-արվեստագետը ապրեց բարդ ու հակասական ժամանակաշրջանում, սակայն կարողացավ  ստեղծել անգնահատելի արժեքներ ու թեև դեռ շատ ծրագրեր, անավարտ  գործեր ու  անելիքներ ուներ, բռնեց հավերժության ճանապարհը`  թողնելով մեզ իր ստեղծած անկրկնելի կտավները,  գրաֆիկական եզակի գործերն ու լուսավոր հոգու վառ գույները:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆ

[1] Կյանքի և գործունեության մանրամասն տարեգրությունը տես «Հմայակ Ավետիսյան. 1912-1978: Գեղանկար, գրաֆիկա»: Եր., 2012,  224էջ, 246 գուն. վերատպություն: Ալբոմը կարելի է դիտել http://www.grqamol.am և http://www.fundamentalarmenology.am կայքերում:
Տես նաև Ա. Հունանյան Նկարիչ Հմայակ Ավետիսյանի մասին
[2]Եղիշե Մարտիկյան. «Կերպարվեստի հոբելյանական ցուցահանդես»: «Սովետական արվեստ», 1958, թիվ 2, էջ 37
[3] Հ.Ավետիսյանի ստեղծագործությունների ետմահու ցուցահանդեսի տպավորությունների գրքից: ՀԱԱ, ֆոնդ 1012, ցուցակ 8, գործ 56

Վերադառնալ էջի սկիզբ